Արբիտրաժի և հաշտարարության ոլորտի մասնագետների համար անցկացվել է վերապատրաստման եռօրյա դասընթաց
Դեկտեմբերի 1-ին մեկնարկել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի եռօրյա դասընթացը՝ խոշոր և միջին բիզնեսի, բանկերի ներկայացուցիչների և փաստաբանների համար՝ նպատակ ունենալով ներկայացնել վեճերի այլընտրանքային լուծման գործիքները, դրանց կիրառման առանձնահատկություններն ու գործնական նշանակությունը։ Դասընթացի առաջին օրը Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, դրա դերն ու գործառույթները։ Մասնակիցները ներկայացրել են իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, ինչպես նաև արբիտրաժի և հաշտարարության հաստատությունների հետ ունեցած փորձը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենտրոնի գործունեությանը, վեճերի լուծման արդյունավետությանն ու արագությանը, արբիտրներին և հաշտարարներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև դատական վարույթների առանձնահատկություններին։ Մասնակիցներին հետաքրքրող հարցերի թվում եղել են նաև ֆինանսական, բիզնես և սպորտային ոլորտներում Կենտրոնի անելիքներն ու ակնկալիքները։
Դասընթացի երկրորդ օրը պաշտոնապես բացել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ղարիբյանը, որը խոսել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հիմնադրման, կայացման և դերի մասին։ Այնուհետև Հայկ Հովհաննիսյանը՝ Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամը և «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկերը, հանդես է եկել «Ի՞նչ է արբիտրաժը և որո՞նք են դրա առավելությունները» թեմայով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի ձևավորման և կայացման նախապատմությանը, առկա խոչընդոտներին և դրա առավելություններին։ Նա առանձնացրել է նաև Կենտրոնի ներուժը՝ վեճերի արդյունավետ և մասնագիտական լուծման համատեքստում։
Երկրորդ օրվա ընթացքում «Արբիտրաժով լուծվող վեճեր» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագիտացմամբ իրավաբանական գիտությունների դոկտոր Աիդա Ավանեսյանը։ Նա մասնակիցներին ներկայացրել է այն գործերի շրջանակը, որոնք կարող են քննվել արբիտրաժի միջոցով՝ առանձնացնելով միջազգային փորձը և տեղական մոտեցումները։ Քննարկման առարկա են դարձել նաև արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման, ինչպես նաև իրավասության հարցի նկատմամբ կիրառելի իրավունքի հետ կապված հարցերը։
Նույն օրը բանախոսությունների շարքը շարունակել է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Գաբրիելյանը՝ «Հաշտարարությունը և դրա առավելությունները» թեմայով։ Նա ներկայացրել է հաշտարարության էությունը, առանձնահատկությունները, առավելություններն ու տեսակները։ Իրավիճակային խնդիրների քննարկման միջոցով մասնակիցներին ներկայացվել են նաև հաշտարարության դերն ու դրա իրականացման կարգը։ Դասընթացի երրորդ օրը Կենտրոնի տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արբիտրաժային կանոնները։ Նա անդրադարձել է կանոնների կառուցվածքին և դրանց հիման վրա իրականացվող արբիտրաժային վարույթին՝ սկսած Կենտրոնին արբիտրաժ իրականացնելու պահանջ ներկայացնելուց մինչև արբիտրաժային վճռի կայացումը։ Քննարկվել են նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վարույթին առնչվող հարցերը։ Ներկայացումն ուղեկցվել է բազմաթիվ հարցադրումներով և բովանդակային քննարկմամբ։
Երրորդ օրվա ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել նաև Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Լոնդոնի Քինգս քոլեջի դասախոս Հայկ Կուպելյանցը։ «Արբիտրաժային արդյունավետ վերապահումների մշակում» թեմայի շրջանակում նա ներկայացրել է ինստիտուցիոնալ արբիտրաժի առանձնահատկությունները, անդրադարձել եվրոպական, ասիական և ամերիկյան մոդելներին ու փորձին։ Քննարկվել են նաև արդյունավետ արբիտրաժային համաձայնության կազմման, դրա անվավերության և այլ հարակից հարցեր։ Դասընթացը մասնակիցների համար դարձավ մասնագիտական կարևոր հարթակ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու, փորձ փոխանակելու և արբիտրաժի ու հաշտարարության ոլորտներում առկա գործնական խնդիրները քննարկելու համար։