Համագործակցության հուշագիր AMCA-ի և Իրանի առևտրային պալատի արբիտրաժային կենտրոնի (ACIC) միջև
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) տեղի է ունեցել հանդիպում Իրանի առևտրային պալատի արբիտրաժային կենտրոնի (ACIC) ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կենտրոնների գործունեության առանձնահատկությունները, համագործակցության հնարավոր ուղղությունները, միջազգային արբիտրաժի զարգացման կարևորությունը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել են Կենտրոնի կողմից իրականացված ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։ Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով համագործակցությանը հաղորդել առավել ինստիտուցիոնալ և երկարաժամկետ բնույթ։
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին փոխանակվել միմյանց մոտ անցկացվող սեմինարների և վերապատրաստումների վերաբերյալ տեղեկատվությամբ, արբիտրների ցանկերով, ինչպես նաև ակադեմիական հրապարակումներով։ Հուշագրով կողմերը հանձն առան համատեղ կազմակերպել վեճերի այլընտրանքային լուծմանն առնչվող միջոցառումներ։
Կողմերը պայմանավորվեցին անհրաժեշտության դեպքում միմյանց տրամադրել տարածքներ՝ լսումների կազմակերպման համար։ Համագործակցությունը կարևոր քայլ է տարածաշրջանային կենտրոնների հետ ակտիվ աշխատանքի և փորձի փոխանակման համար։