x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ի ներկայացուցիչները մասնակցել են «GIAC արբիտրաժային օրեր 2025» միջոցառմանը

2025-10-24

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) իրավաբաններ Նորայր Բաղդասարյանը, Մանուշ Սաղյանը, Արսեն Ենգիբարյանը, ինչպես նաև արտաքին կապերի և հաղորդակցության պատասխանատու Վարդան Լաբլաջյանը մասնակցել են Թբիլիսիում անցկացված «GIAC Arbitration Days 2025» միջազգային համաժողովին։

 

Համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել շուրջ 170 տեղական և միջազգային արբիտրների, իրավաբանների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների, որոնք քննարկել են արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի վերջին զարգացումները, առկա մարտահրավերներն ու գործնական միտումները։ Միջոցառման բացման շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գիորգի Պերտաիան և «GIAC»-ի գլխավոր քարտուղար Բեկա Ինջիան։

Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային արբիտրաժի արդի և գործնական նշանակություն ունեցող մի շարք թեմաներ, այդ թվում՝ արբիտրունակության սահմանները, արբիտրաժային ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը, ներպետական դատարանների և ներդրումային արբիտրաժի փոխհարաբերությունը, կառուցապատման և ենթակառուցվածքային արբիտրաժի բարդությունները, ինչպես նաև ներդրումային արբիտրաժի նոր զարգացումները։ Այս տարվա հիմնական բանախոսն էր «Herbert Smith Freehills Kramer»-ի գործընկեր և կառուցապատման ու ենթակառուցվածքային վեճերի բաժնի ղեկավար Ջեյմս Դոուն, որի ելույթը նվիրված էր միջազգային արբիտրաժի տարածաշրջանային կենտրոնների աճող դերին, հնարավորություններին և առկա մարտահրավերներին։

 

AMCA-ի ներկայացուցիչները մասնագիտական շփումներ և համագործակցային քննարկումներ են ունեցել ոլորտի միջազգային գործընկերների և փորձագետների հետ՝: Մասնակցությունը կարևոր հնարավորություն էր՝ ծանոթանալու միջազգային առաջատար մոտեցումներին, ամրապնդելու մասնագիտական կապերը և ներկայացնելու AMCA-ի ներկայությունն ու հետաքրքրվածությունը տարածաշրջանային և միջազգային արբիտրաժային զարգացումների շրջանակում։