Երրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթը Երևանում
Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկեց Երրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթը՝ համախմբելով արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների, այդ թվում՝ իրավաբանների, գիտնականների, գործարար համայնքի ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկանՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանը և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Արթուր Աթաբեկյանը, ովքեր ընդգծեցին արբիտրաժի և հաշտարարության ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի համար։ Նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ այս միջազգային շաբաթը համախմբում է փորձագետների Հայաստանից և արտերկրից՝ խթանելով արբիտրաժն ու հաշտարարությունը որպես վեճերի լուծման հուսալի և արդյունավետ մեխանիզմներ։ Նա նաև ընդգծել է ժամանակակից, վստահելի և համապարփակ արդարադատության համակարգի ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը՝ շեշտադրելով, որ դրանք նպաստում են ինչպես տնտեսական աճին, այնպես էլ միջազգային համագործակցության զարգացմանը։ Պարոն Արթուր Աթաբեկյանը նշել է, որ միջոցառումը կարևոր հարթակ է իրավական համայնքի, գործարար ոլորտի և միջազգային գործընկերների միջև արդյունավետ երկխոսության համար։ Նա ընդգծել է, որ արբիտրաժն այսօր գտնվում է համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ որպես վեճերի լուծման ժամանակակից, հուսալի և արդյունավետ մեխանիզմ, որը ձևավորում է վեճերի լուծման ապագա օրակարգը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։
Միջոցառման հիմնական խոսնակն էր «Baker Botts»-ի գործընկեր, միջազգային վեճերի ամբիոնի վարիչ, դոկտոր Յոհաննես Կեպպը, ով ներկայացրել է ուժեղ արբիտրաժային համայնք կառուցելու տեսլականը, ընդգծել վեճերի այլընտրանքային լուծման («ADR») կարևոր դերը և կիսվել Հայաստանում և ամբողջ աշխարհում վեճերի լուծման զարգացմանը նպաստող միջազգային միտումների վերաբերյալ իր դիտարկումներով։
Միջոցառումն այս տարի հյուրընկալել էր շուրջ 500 մասնակցի և 42 խոսնակների շուրջ 20 երկրներից։ Հիմնական կոնֆերանսից բացի արբիտրաժային շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել նաև շուրջ 10 միջոցառումներ։
Այս տարի միջոցառումն անցկացվում է այնպիսի հեղինակավոր հովանավորների և գործընկերների աջակցությամբ, ինչպիսիք են՝ «AGBU»-ն, «KNOETZL»-ը, «ADWISE Legal Advisory»-ն, «Bredin Prat»-ը, «Eversheds Sutherland»-ը, «DLA Piper»-ը, «HAP Law Firm»-ը, «Sigma Law Group»-ը, «ANDERSEN»-ը, «Hogan Lovells»-ը, Եվրոպական միությունը և Ասիական զարգացման բանկը («ADB»)։ «AAW 2025»-ը կարևոր հարթակ է գիտելիքի փոխանակման, մասնագիտական կապերի ձևավորման և Հայաստանում միջազգային արբիտրաժի ու հաշտարարության պրակտիկայի զարգացման համար։