x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությունն այցելել է AMCA

2024-01-26

Հունվարի 26-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն (AMCA) է այցելել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությունը՝ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեն և ծրագրի ավագ ղեկավար Նատալյա Ադամյանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է Կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները, արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները, ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու նպատակները։

 

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն ողջունել է նորաբաց կենտրոնի ստեղծումը՝ կարևորելով այդ նախաձեռնությունը և հաջողություն մաղթելով Կենտրոնին իր առաքելության արդյունավետ իրականացման գործում։

 

Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն անդրադարձել է Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների զարգացման ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կողմից վերջին տարիներին ցուցաբերված աջակցությանը, այդ թվում՝ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության չափանիշներին համապատասխան օրենսդրության կատարելագործման նպատակով տրամադրված փորձագիտական աջակցությանը, ինչպես նաև հետագա հնարավոր համագործակցության հեռանկարներին։