Չորրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային օրերը Երևանում
2026 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում անցկացվեց «Հայկական արբիտրաժային օրեր 2026» միջազգային համաժողովը՝ համախմբելով տեղացի և օտարերկրացի արհեստավարժ արբիտրների, հաշտարարների, դատավորների, գիտնականների, իրավաբանների, արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչների և ոլորտի այլ մասնագետների։
Միջոցառման հիմնական կոնֆերանսի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարն ընդգծեց արբիտրաժի և հաշտարարության նշանակությունը Հայաստանի իրավական և ներդրումային միջավայրի ամրապնդման, արդարադատության մատչելիության բարձրացման և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակական զարգացման մեջ։ Սրբուհի Գալյանն անդրադարձավ նաև արբիտրաժին արդյունավետ դատական աջակցության կարևորությանը, ընդգծեց հաշտարարության ինստիտուտի հետագա զարգացման անհրաժեշտությունը և մասնագիտական կարողությունների ամրապնդումը։
«Հայկական արբիտրաժային օրեր 2026»-ի հիմնական խոսնակն էր Derains & Gharavi ընկերության հիմնադիր-գործընկեր, դոկտոր Համիդ Գարավին։ Նա իր ելույթում անդրադարձավ զինված հակամարտությունների և քաղաքական դաշինքների պայմաններում արբիտրաժային հաստատությունների արդյունավետությանը, վստահելիության և չեզոքության պահպանման անհրաժեշտությանը։
Հիմնական կոնֆերանսն ընթացավ 4 պանելային քննարկումներով, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց բազմաստիճան վերապահումների, արտակարգ արբիտրաժի և միջանկյալ միջոցների, արբիտրաժին դատական աջակցության, ապացուցողական բացերի և բացասական հետևանքների, ինչպես նաև պարտադիր հաշտարարության և Հայաստանի փորձին վերաբերելի արդիական հարցերին։
Հիմնական համաժողովն ամփոփեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ով ընդգծեց նմանատիպ միջոցառման կարևորությունն ու դերը վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացման և դրա շուրջ իրազեկվածության բարձրացման գործում։
Սեպտեմբերի 25-ին և 26-ին միջոցառումը շարունակվեց մասնագիտացված հարակից միջոցառումներով՝ ընդգրկելով արբիտրաժային հաստատությունների դերին և գործերի կառավարմանը, միջազգային արբիտրաժում ռազմավարական որոշումներին, արբիտրաժային վճիռների կատարմանը, արբիտրաժի զարգացմանը նպաստող իրավական միջավայրի ձևավորմանը, արբիտրների և գործերի կառավարիչների վերապատրաստմանը, հաշտարարության գործնական հմտություններին, ինչպես նաև մտավոր սեփականության և թվային տնտեսության ոլորտներում վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին վերաբերող թեմաներ։
«Հայկական արբիտրաժային օրեր 2026» միջոցառումն այս տարի իրականացվել է միջազգային և տեղական հովանավորների աջակցությամբ։ Միջոցառման հովանավորների թվում էին՝ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Equity Law Partners, Sigma Law Group, Baker Tilly Armenia, Legal Business Law Group, ADWISE Business & Legal Consulting ընկերությունները։
«Հայկական արբիտրաժային օրեր 2026» համաժողովն այս տարի համախմբեց ավելի քան 300 մասնակցի և 20-ից ավելի երկրներ ներկայացնող 43 բանախոսի։