x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան ստորագրել են համագործակցության հուշագիր

2026-10-06

 

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում ակադեմիական կրթության և ինստիտուցիոնալ պրակտիկայի միջև համագործակցությունը։

 

Համագործակցության շրջանակում առաջին գործնական քայլը Կենտրոնի կողմից մշակված «Վեճերի այլընտրանքային լուծման եղանակները ՀՀ-ում» առարկայական ծրագրի ներդրումն է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության մագիստրոսական կրթական ծրագրում։

 

Մեկ ուսումնական կիսամյակի ընթացքում՝ 32 ակադեմիական ժամ ծավալով դասավանդվող ծրագիրը Հայաստանում առաջին անգամ է ներդրվում նման ձևաչափով։ Այն մշակվել է արբիտրաժային և հաշտարարական ինստիտուցիոնալ կենտրոնի կողմից և մեկ միասնական դասընթացում համադրում է արբիտրաժի և հաշտարարության տեսական ու գործնական բաղադրիչները։

 

Ծրագրի իրականացման ընթացքում կներգրավվի Կենտրոնի մասնագիտական և ինստիտուցիոնալ ներուժը՝ դասընթացի գործնական բաղադրիչն առավել ընդգրկուն դարձնելու նպատակով։ Ուսանողները հնարավորություն կունենան զարգացնելու գործնական հմտություններ՝ իրական գործերից բխող իրավիճակների վերլուծության, դերախաղերի և սիմուլյացիաների միջոցով, ինչպես նաև տեղում ծանոթանալու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը և ինստիտուցիոնալ պրակտիկային։

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Իրավագիտության ամբիոնի վարիչ Թամարա Շաքարյանը և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը վստահություն են հայտնել, որ ձևավորված համագործակցությունը կնպաստի վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը և գործնական հմտությունների զարգացմանը։

 

Համագործակցությունը միտված է նաև ակադեմիական կրթության և ինստիտուցիոնալ պրակտիկայի միջև շարունակական ու բովանդակային փոխգործակցության ամրապնդմանը՝ նպաստելով վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը Հայաստանում։