ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրների ու բացերի վերաբերյալ քննարկում
ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրներն ու բացերը վերհանելու և գույքագրելու նպատակով դեկտեմբերի 25-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին արբիտրաժի ոլորտի մասնագետներ, այդ թվում՝ մշտապես գործող արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ, արբիտրներ, դատավորներ և փաստաբաններ։
Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, ով անդրադարձավ ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ կարևորելով դրանց հասցեագրումը՝ որպես Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացման էական նախապայման։ Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանն անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ արբիտրաժի կարգով քննվող գործերի շրջանակի վերանայումը, էլեկտրոնային ծանուցումների և հեռավար նիստերի անցկացման հնարավորության նախատեսումը, արբիտրաժային տրիբունալի իրավասության հարցը, օրենսդրական մակարդակում արտակարգ միջոցների կիրառման, լրացուցիչ կողմի ներգրավման, ինչպես նաև վարույթների միացման հնարավորության սահմանումը և այլ հարցեր։
Հանդիպման մասնակիցները, կարևորելով նախաձեռնությունը, իրենց գոհունակությունն արտահայտեցին ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների նախագծի կազմման գործընթացի առթիվ։ Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին աշխատանքային խմբի շրջանակում ջանքեր գործադրել ոլորտային օրենսդրության բարելավման ուղղությամբ։