Համագործակցության հուշագիր AMCA-ի և Միլանի արբիտրաժային պալատի (CAM) միջև
Երկրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթվա ընթացքում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի և Միլանի արբիտրաժային պալատի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Milan Chamber of Arbitration-ը Եվրոպայի առաջատար արբիտրաժային կենտրոններից է, որը գործում է Միլանի առևտրային պալատի շրջանակում և տրամադրում է արբիտրաժային և հաշտարարական ծառայություններ։
Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն փորձի, լավագույն պրակտիկայի փոխանակման, արբիտրաժի և հաշտարարության խթանման, կրթական ծրագրեր իրականացնելու ոլորտներում։ Կարևորելով ոլորտում շարունակական կրթությունը՝ հուշագրով կողմերը պայմանավորվեցին միմյանց տեղեկացնել երկու կառույցներում կազմակերպվող սեմինարների և վերապատրաստումների մասին։
Հուշագրի համաձայն՝ AMCA-ն և CAM-ը կտարածեն միմյանց միջոցառումները, հրապարակումները և անհրաժեշտության դեպքում կաջակցեն արբիտրաժային լսումների և միջոցառումների կազմակերպմանը կենտրոնների տարածքներում։
Այս համագործակցությունը կարևոր քայլ է միջազգային գործընկերությունների ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման համար։