Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հյուրընկալել է Vis Moot-ի հայաստանյան թիմերին
Մարտի 22-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հյուրընկալել է Willem C. Vis միջազգային դատախաղի (Vis Moot) հայաստանյան թիմերին՝ փորձնական դատախաղ կազմակերպելու նպատակով։ Մասնակցող թիմերն էին Հայաստանի ամերիկյան համալսարանը և Երևանի պետական համալսարանը։ Vis Moot-ը միջազգային առևտրային արբիտրաժի և մասնավոր իրավունքի ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր դատախաղերից է, որն անցկացվում է արդեն 32 տարի անընդմեջ։ Այն համախմբում է ոլորտի առաջատար իրավաբանների, հեղինակավոր դասախոսների և ուսանողների՝ նպաստելով մասնագիտական համայնքի զարգացմանն ու ամրապնդմանը։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որպես ոլորտում մշակույթ ձևավորող կազմակերպություն, կարևորում է այս դատախաղի անցկացումը՝ նպատակ ունենալով խթանել և զարգացնել արբիտրաժի ինստիտուտը Հայաստանում։ Փորձնական դատախաղի արբիտրներն էին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «CaseLens» կազմակերպության համահիմնադիր, AMCA արբիտր Արամ Աղաբաբյանը և իրավաբան Շաղիկ Մանճիկեանը։