Լիլիթ Պետրոսյանը Տոկիոյում ներկայացրել է AMCA-ի գործունեությունն ու հաշտարարության զարգացման տեսլականը
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը Ասիական զարգացման բանկի հրավերով մասնակցել է Տոկիոյում (Ճապոնիա) կազմակերպված «Քաղաքական երկխոսություն այլընտրանքային վեճերի լուծման վերաբերյալ՝ միջազգային հաշտարարության տարածումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» խորագրով միջոցառմանը՝ որպես բանախոս։ Թեմատիկ քննարկման ընթացքում Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել է AMCA-ի գործերի վերաբերյալ վիճակագրությունը, ռազմավարական թիրախները և հաշտարարության առավելությունները՝ ընդգծելով վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների աճող դերը միջազգային ներդրումային, առևտրային և տնտեսական վեճերի կարգավորման գործում։ Քննարկման բանախոսները ներկայացնում էին KCAB INTL, CIETAC, JCAA, SIAC, TIAC, SIDRA և AMCA կազմակերպությունները։ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը և ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը։ Երկօրյա միջոցառումը կազմակերպվել էր Ասիական զարգացման բանկի ինստիտուտի (ADBI), Ասիական զարգացման բանկի Իրավունքի և քաղաքականության բարեփոխումների ծրագրի, UNCITRAL-ի և Ճապոնիայի արդարադատության նախարարության կողմից՝ նպատակ ունենալով համախմբել միջազգային փորձագետներին և քննարկել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ապագան։