Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնի (AMCA) 2024 թվականի գործունեության ամփոփում
2024 թվականը բեկումնային տարի էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) համար։ Կենտրոնը շարունակեց իր նպատակային գործունեությունը, ամրապնդեց միջազգային կապերը և տեղական մակարդակում խթանեց արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացումը։ Տարվա ընթացքում իրականացվեցին նշանակալի նախաձեռնություններ՝ համաժողովներ, համագործակցություններ, կրթական ծրագրեր և միջազգային այցեր։ Տարվա կենտրոնական միջոցառումը երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային համաժողովն էր, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին Երևանում։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝ արբիտրաժի հնարավորություններն ու մարտահրավերները զարգացող տնտեսություններում, տեխնոլոգիաների ազդեցությունը արբիտրաժային գործընթացների վրա, դատարանների և արբիտրաժի հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև հաշտարարության դերը խիստ հակամարտությունների լուծման գործում։ Համաժողովը ոչ միայն հարթակ էր Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության կարևորությունը ներկայացնելու համար, այլև միջազգային փորձագետների ներգրավման և փորձի փոխանակման արդյունավետ հնարավորություն։ Միջազգային կապերի ամրապնդման նպատակով AMCA-ն 2024 թվականին կնքեց համագործակցության մի շարք կարևոր հուշագրեր՝ Ամերիկայի արբիտրաժային ասոցիացիայի, Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի, «Jus Mundi»-ի, Շվեդիայի արբիտրաժային ինստիտուտի, Ժամանակակից արբիտրաժի ռուսական ինստիտուտի, Միլանի արբիտրաժային պալատի, Սիլիկոնյան հովտի արբիտրաժային և հաշտարարության կենտրոնի, Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, Կիպրոսում գործող «Սիմեոն Պողոսյան» ՍՊԸ-ի, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների և կենտրոնների հետ։ Այս համագործակցությունները միտված են ոչ միայն փորձի փոխանակմանը, այլև Հայաստանում ոլորտային մեթոդների և պրակտիկայի կատարելագործմանը։ AMCA-ն մեծ կարևորություն է տվել նաև կրթական նախաձեռնություններին և երիտասարդ մասնագետների ներգրավմանը։ Իրականացված ծրագրերի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել արբիտրաժի և հաշտարարության գործընթացներին՝ ընդգծելով դրանց դերը ժամանակակից իրավական համակարգերում։ Այս նախաձեռնությունները նպաստում են ոլորտի ապագա մասնագետների պատրաստմանը և մասնագիտական հենքի ձևավորմանը։ Միաժամանակ Կենտրոնը կազմակերպել է մի շարք դասընթացներ և իրազեկման միջոցառումներ նաև ոլորտում գործող փաստաբանների համար։ 2024 թվականին AMCA-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հաշտարարության առաջխաղացումն էր։ Կենտրոնը կազմակերպել է սեմինարներ և քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները ուսումնասիրել են հաշտարարության կիրառական մեթոդները և դրա նշանակությունը։ Այդ աշխատանքների արդյունքում հաշտարարությունն առավել ընդգծված կերպով ներկայացվել է որպես վեճերի արդյունավետ և կառուցողական լուծման միջոց։ AMCA-ն հստակ ծրագրեր ունի նաև առաջիկա տարիների համար, այդ թվում՝ երրորդ միջազգային արբիտրաժային համաժողովի կազմակերպումը։ Նախատեսվող նոր ծրագրերը կներառեն ավելի լայն լսարան և մասնագիտացված կրթական նախաձեռնություններ՝ շարունակելով ամրապնդել Հայաստանի դիրքը տարածաշրջանում։