x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Անցկացվեց հաշտարարների որակավորման հերթական դասընթացը

2024-12-09

Դեկտեմբերի 8-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման հինգերորդ դասընթացը, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Եվրոպական միության համագործակցությամբ։ Դեկտեմբերի 8-12-ը անցկացված հնգօրյա դասընթացը, որը ներառում էր 33 ակադեմիական ժամ, միտված էր հաշտարարների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու ոլորտում նոր մասնագետների պատրաստմանը։

 

Դասընթացի բացման շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղարիբյանը, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Քրիստինա Պետրոսյանը։ Նրանք ներկայացրին դասընթացի նպատակը, ծրագրային բովանդակությունը և ակնկալվող արդյունքները։

 

Դասընթացը վարեցին Եվրոպայի խորհրդի փորձագետներ Սոֆիո Չաչավան և Ռամոն Թենան։ Առաջին օրը նրանք անդրադարձան վեճերի այլընտրանքային լուծման մեթոդներին և բանակցություններին։ Քննարկվեցին վեճերը և դրանց այլընտրանքային լուծման տարբերակները, իսկ փոխներգործուն մեթոդների կիրառման շնորհիվ մասնակիցները ստացան նաև գործնական գիտելիքներ և հմտություններ։ Դասընթացի ամփոփման ընթացքում հաջողությամբ ավարտած մասնակիցներին ողջունեցին և ավարտական վկայականներ հանձնեցին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղարիբյանը, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Գայանե Դեմիրչյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Քրիստինա Պետրոսյանը։ Տաթևիկ Մատինյանն իր խոսքում ողջունեց մասնակիցներին, անդրադարձավ հաշտարարության ինստիտուտի կայացման և զարգացման նախադրյալներին, ներկայացրեց դրա կարևորությունը և հաջողություն մաղթեց մասնակիցներին։

 

Հնգօրյա ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու որակավորման ստուգմանը։ Այն հաղթահարելու դեպքում Հայաստանի հաշտարարների համայնքը կհամալրվի նոր մասնագետներով, որոնք իրենց ներդրումը կունենան ոլորտի զարգացման և հաշտարարության մշակույթի ամրապնդման գործում։