x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները առողջապահական ոլորտում

2026-04-06

Վերջին շրջանում արբիտրաժը որպես վեճերի լուծման արդյունավետ եղանակ օգտագործվում է ոչ միայն ավանդաբար ընդունված առևտրային վեճերի քննության և լուծման համար, այլ նաև մի շարք այլ բնագավառներում։

Հատկապես հետաքրքրական է առողջապահական բնագավառում ծագող վեճերը այընտրանքային եղանակներով լուծելու դինամիկ զարգացման պրակտիկան աշխարհի մի շարք պետություններում։

 Բժշկական արբիտրաժը վեճերի լուծման ժամանակակից մեթոդ է, որը ենթադրում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ և այդ ծառայություններից օգտվող սուբյեկտների՝ պացիենտների, ինչպես նաև այլ հնարավոր սուբյեկտների մասնակցությամբ վեճի հանձնում անաչառ և չեզոք երրորդ կողմին՝ արբիտրին՝ առանց անհարկի ձգձգումների կամ կողմնակի ծախսերի անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճի արդարացի լուծում ստանալու նպատակով։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկական արբիտրաժը կիրառվում մի շարք իրավահարաբերություններում՝ 

  • բժշկական օգնություն, սպասարկում, միջամտություն և այլ ծառայություններ, այդ թվում՝ հեռաբժշկություն, լաբորատոր ծառայություններ,
  • բժշկի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնաս,
  • բժշկական օգնության, սպասարկման և միջամտության որակ,
  • բժշկական մասնագիտական էթիկայի կանոններ,
  • էլեկտրոնային առողջապահական համակարգում գաղտնիություն և առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարում,
  • պալիատիվ բժշկական օգնություն,
  • բժշկական գաղտնիք,
  • առողջապահական հաստատություն-բուժաշխատող հարաբերություններ և այլն։     

Հատկանշական է, որ որ բժշկական բնագավառում վեճերը հաճախ առաջանում են, կամ առնվազն սրվում են վատ հաղորդակցության պատճառով: Ըստ 2022 թվականի տվյալների՝ Սինգապուրում բժիշկների դեմ յուրաքանչյուր հինգերորդ բողոք պայմանավորված է եղել միսկոմունիկացիայով: Միևնույն ժամանակ, շատ դեպքերում պացիենտը բժշկական ծառայություն մատուցողի դեմ հայց է ներկայացնում ոչ թե փոխհատուցում ստանալու, այլ սխալը պարզելու նպատակով: Այս առումով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները՝ ի դեմս արբիտրաժի և հաշտարարության, երաշխավորում են փաստերի բացահայտումն ու կողմերի միջև համագործակցային միջավայրի պահպանությունը։