x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները սպորտային արդյունաբերությունում

2026-04-06

Վերջին տարիներին սպորտային արդյունաբերությունը անճանաչելիորեն փոփոխվում է։ Մարզիկների տրանսֆերային արժեքների, սպորտային հանդիպումների հեռարձակման վճարների և իմիջային իրավունքներից ստացվող եկամուտների կտրուկ ավելացումը ոլորտի զարգացման համար ստեղծում են նոր հնարավորություններ, բայց և միաժամանակ առաջ բերելով բազմաթիվ վեճեր և տարաբնույթ մարտահրավերներ։

Մեր օրերում բազմամիլիոնանոց կապիտալի շուրջ վեճերը ֆուտբոլային արդյունաբերության անբաժան մասն են կազմում, ինչով պայմանավորված էլ առաջ է գալիս ֆուտբոլի և մյուս սպորտաձևերի սկզբունքներին և առանձնահատկություններին համահունչ վեճերի լուծման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը։

Արդեն տևական ժամանակ է, ինչ սպորտային արբիտրաժը համարվում է վեճերի լուծման ամենատարածված եղանակը ֆուտբոլային աշխարհում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային վեճերի պարագայում։ Համաշխարհային ֆուտբոլի կառավարման ղեկավար մարմնի՝ ՖԻՖԱ-ի կանոնադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը վեճերի լուծման եղանակն ընտրելիս պետք է առաջնահերթություն տան արբիտրաժին։

Արբիտրաժին բնորոշ գաղտնիությունը, ճկունությունը, արագությունը, ինչպես նաև սեփական հայեցողությամբ նեղ մասնագիտական գիտելիքներով արբիտրին ընտրելու հնարավորությունը, ինքնին, ապահովում են վեճերի լուծման այս եղանակի գրավչությունը ֆուտբոլիստների, ֆուտբոլային ակումբների, մարզիչների, ֆեդերացիաների, կոնֆեդերացիաների և լիգաների շրջանում։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում սպորտային արբիտրաժը։
Սպորտային արբիտրաժը լայնորեն կարող է սահմանվել որպես սպորտային իրավունքի սուբյեկտների միջև առաջացող վեճերի լուծման այլընտրանքային եղանակ, որը ենթադրում է վեճի հանձնում անաչառ և չեզոք երրորդ կողմին՝ արբիտրին՝ առանց անհարկի ձգձգումների կամ կողմնակի ծախսերի անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից lex sportiva-ի կամ այլ կիրառելի իրավանորմերի հիման վրա վեճի վերջնական և արդարացի լուծում ստանալու նպատակով։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սպորտային արբիտրաժի միջոցով ֆուտբոլային բնագավառում կարող են լուծվել ամենաբազմաբնույթ վեճերը՝

  • Ֆուտբոլիստների աշխատանքային պայմանագրերից բխող վեճեր,
  • Ֆուտբոլիստների տրանսֆերային պայմանագրերից բխող վեճեր,
  • Իմիջային իրավունքներից բխող վեճեր,
  • Ակումբների և արհեստավարժ մարզիչների միջև առաջացող վեճեր,
  • Ֆեդերացիաների որոշումների առնչությամբ վեճեր,
  • Հովանավորների մասնակցությամբ վեճեր,
  • Հեռարձակման իրավունքների առնչությամբ վեճեր,
  • Դոպինգի դեմ պայքարի շրջանակներում առաջ եկող վեճեր 
  • Արդար խաղի սկզբունքի ենթադրյալ խախտման առնչությամբ վեճեր։     

Արբիտրաժային հաստատությունների մի շարք վճիռներ էական ազդեցություն են թողել համաշխարհային սպորտաձևի զարգացման փուլային ընթացի վրա՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասշտաբներով։ 2014 թվականի «Չելսի» ֆուտբոլային ակումբն ընդդեմ ՈՒԵՖԱ-ի գործով շոշափվել է սանկցիաների հիմունքներին առնչվող կարևորագույն հարցեր։ Սպորտային արբիտրաժային դատարանը նույն տարում ՖԻՖԱ աշխարհի առաջնության «Սուարես-Չելինի» միջադեպի առնչությամբ զարգացրել է ֆուտբոլային գործունեության արգելիքի ինստիտուտը, իսկ ՍԱԴ-ի 2021 թվականի «Նորավանք» ՖԱ-ի գործը հեղափոխական էր հայաստանյան ֆուտբոլի համար։