x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Առևտրային արբիտրաժը և դրա առավելությունները

2026-04-06

Վեճերի լուծման մեխանիզմները պետք է կատարեն դժվարին, հաճախ անշնորհակալ առաջադրանքներ, հատկապես միջազգային վեճերում. կողմերը, ովքեր հաճախ օգտագործում են բոլոր առկա ընթացակարգային և այլ հնարավորությունները միմյանց նկատմամբ առավելություն ստանալու համար՝ միաժամանակ պահանջում են արագ, մասնագիտացված և օբյեկտիվ արդյունքներ՝ նվազագույն գնով: Չնայած այս անիրատեսական ակնկալիքներին, արբիտրաժը դարեր շարունակ ընկալվել է որպես միջազգային առևտրային վեճերի լուծման ամենաարդյունավետ միջոցը: Այդ ընկալումն ամրապնդվել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում և արտացոլվել մի շարք զարգացումներում, այդ թվում՝ առաջատար արբիտրաժային հաստատություններում արբիտրաժային գործերի կայուն աճով: Վերջին 30 տարիների ընթացքում գործերի թիվը աճել է 3-ից 5 անգամ:

Միջազգային առևտրային արբիտրաժի նախապատվության և դրա կիրառման աճը արտացոլված է կատարված հարցումներում, միջազգային առևտրային պայմանագրերում արբիտրաժային համաձայնության օգտագործման վերաբերյալ էմպիրիկ ուսումնասիրություններում և միջազգային առևտրային վեճերի լուծման վերաբերյալ ուսումնասիրություններում: Այս եզրակացությունները հաստատվել են կորպորատիվ օգտատերերին ուղղված վերջին հարցումներում: Օրինակ՝ 2021 թվականի Լոնդոնի Քուին Մերիի համալսարանի Միջազգային արբիտրաժային դպրոցի կողմից անկացված Միջազգային արբիտրաժային հետազոտությամբ (հարցմանը մասնակցել է 1200 պատասխանող) պարզվել է, որ հարցվածների 90%-ը նախընտրում է միջազգային արբիտրաժը՝ միջսահմանային վեճերը լուծելու համար:

Ավելին, Կոնֆլիկտների կանխարգելման և լուծման միջազգային ինստիտուտի (CPR) հրապարակած զեկույցում՝ պարզվել է, որ առևտրային արբիտրաժային գործերը սովորաբար լուծվում են 30%-ով ավելի արագ, քան ավանդական դատավարական ուղիներով: Այս զգալի ժամանակի խնայողությունը չափազանց կարևոր է բիզնես ոլորտի արագընթաց աշխարհում, որտեղ ուշացումները կարող են հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների: Բացի այդ, Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի (AAA) և Կոնֆլիկտների կանխարգելման և լուծման ինստիտուտի (CPR) հետազոտությունն ուսումնասիրել է առևտրային արբիտրաժի և դատավարության հետ կապված ծախսերը: Արդյունքները ցույց են տվել, որ թեև արբիտրաժը կարող է ունենալ ավելի բարձր նախնական ծախսեր, այն ընդհանուր առմամբ ավելի ծախսարդյունավետ է՝ ավելի կարճատև վարույթով և ավելի ցածր ընդհանուր ծախսերով պայմանավորված:

Ամփոփելով՝ արբիտրաժն անհերքելիորեն դարձել է առևտրային վեճերի լուծման հիմնաքարը՝ առաջարկելով արագ, մասնագիտացված և օբյեկտիվ արդյունքներ՝ ողջամիտ գնով: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում արբիտրաժային գործերի էական աճը, զուգորդված կորպորատիվ հաճախորդների գերակա նախապատվությամբ, ընդգծում է դրա արդյունավետությունը: Ավելին, վեճերի լուծման արագությունը և բարենպաստ միջավայրը ամրապնդում են արբիտրաժի կենսական դերը առևտրային ոլորտում վեճերի լուծման ապագայի ձևավորման գործում: