Եռօրյա հաշտարարության դասընթաց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA)
2026 թվականի նոյեմբերի 18–20-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) անցկացվեց հաշտարարության հերթական եռօրյա դասընթացը, որի նպատակն էր նպաստել հաշտարարության ոլորտում մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը և գործնական հմտությունների զարգացմանը։
Դասընթացի առաջին օրը՝ նոյեմբերի 18-ին, բանախոսությամբ հանդես եկան Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Լիլիթ Պետրոսյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն, հաշտարար Դավիթ Ղարիբյանը։
Առաջին օրվա ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին հաշտարարության էությունն ու հիմնական առանձնահատկությունները, հաշտարարի դերն ու գործառույթները, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հաշտարարության իրավական կարգավորումներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև հաշտարար դառնալու համար անհրաժեշտ պահանջներն ու ընթացակարգերը։
Դասընթացի երկրորդ օրվա բանախոսներն էին իրավաբան, հաշտարար, հաշտարարների հավաստագրված վերապատրաստող Նատալյա Ադամյանը և AMCA-ի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
Օրվա ընթացքում անդրադարձ կատարվեց հաշտարարության հիմնարար սկզբունքներին, հաշտարարության գործընթացի փուլերին, կողմերի շահերի և կարիքների բացահայտմանը, բանակցությունների արդյունավետ վարմանը, հաղորդակցության և հաշտարարական տարբեր տեխնիկաների կիրառման առանձնահատկություններին։ Քննարկվեցին նաև հաշտության համաձայնության կազմման և դատական կարգով հաստատման ընթացակարգերին վերաբերող հարցեր։
Դասընթացի վերջին օրը նվիրված էր ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառմանը։ Դերախաղի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան գործնական միջավայրում պատկերացնելու հաշտարարության գործընթացը։ Դերախաղին հետևեցին և մասնակիցներին գործնական խորհուրդներ տվեցին Լիլիթ Պետրոսյանը և Կենտրոնի հաշտարար, իրավաբան Սարգիս Իսոյանը։
Դերախաղի ավարտին քննարկվեցին հաշտարարության գործընթացի վարման տարբեր մոտեցումները, կիրառված մեթոդների առավելություններն ու թերությունները, ինչպես նաև գործնականում առաջացած դժվարությունները։
Եռօրյա դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան ստուգելու ձեռք բերած գիտելիքները՝ թեստի միջոցով։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։