x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Դատավորների և AMCA-ի արբիտրների համար անցկացվել է վերապատրաստման եռօրյա դասընթաց

2023-12-10

Դեկտեմբերի 8-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մեկնարկել է դատավորների և Կենտրոնի արբիտրների համար նախատեսված հերթական դասընթացների շարքը։ Բացման խոսքով հանդես է եկել Կենտրոնի հիմնադիր մարմիններից մեկի՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ներկաներին ներկայացրել է ոլորտի կարևորությունը արդարադատության համակարգի կայացման տեսանկյունից։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են Կենտրոնի դերը, գործունեությունը և մինչ այդ կատարված աշխատանքը։ Մասնակիցները ծանոթացել են միմյանց հետ և ներկայացրել դասընթացից իրենց ակնկալիքները։

 

Միջոցառման երկրորդ և երրորդ օրերի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են արբիտրաժի առանցքային հիմնահարցերը, միջազգային փորձը, ինչպես նաև Կենտրոնի կանոններն ու գործառույթները։ Միջոցառման երկրորդ օրը բացել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ ներկայացնելով Կենտրոնի կառուցվածքը, անկախության երաշխիքները, դերը, կատարված աշխատանքները և միջոցառման կարևորությունը։

 

Այնուհետև բանախոսություններով հանդես են եկել Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ, Իտալական արբիտրաժային ասոցիացիայի նախագահ Անդրեա Կարլեվարիսը և Արբիտրաժային խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Լոնդոնի Քինգս քոլեջի դասախոս Հայկ Կուպելյանցը։ Անդրեա Կարլեվարիսը ներկայացրել է արբիտրաժային վարույթում պետական դատարանների դերը, միջազգային արբիտրաժի հասկացությունն ու նշանակությունը, առևտրային և ներդրումային արբիտրաժների էությունը, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու եղանակներն ու դրանց իրականացման կարգը։ Նա անդրադարձել է նաև մշտապես գործող արբիտրաժային ինստիտուտների դերին՝ ներկայացնելով նման կենտրոնների, այդ թվում՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, գործառույթները, կողմերի և արբիտրաժային տրիբունալի հետ աշխատանքի շրջանակը, արբիտրների նշանակման և նրանց ներկայացված բացարկների քննության կարգը։ Օրվա վերջին բանախոսությամբ Հայկ Կուպելյանցը հանդես է եկել «Արբիտրաժային վճիռների ճանաչում և կատարում» թեմայով։ Մասնակից դատավորների և արբիտրների խնդրանքով նա մասնավորապես անդրադարձել է հանրային կարգի հիմքով արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման հիմքերին և կարգին՝ ներկայացնելով, թե ինչ է հանրային կարգը, որ դեպքերում է այն կիրառվում և ինչպիսի միջազգային փորձ է ձևավորվել այս հարցի շուրջ։ Բանախոսությունն ավարտվել է թեմային առնչվող հարցերի և մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների քննարկմամբ։

 

Միջոցառման երրորդ օրը մեկնարկել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կանոնների ներկայացմամբ։ Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել է կանոնների կառուցվածքը, ինչպես նաև դրանց հիման վրա իրականացվող արբիտրաժային վարույթը՝ սկսած Կենտրոնին արբիտրաժ իրականացնելու պահանջ ներկայացնելուց մինչև արբիտրաժային վճռի կայացումը։ Քննարկվել է նաև Կենտրոնի արբիտրաժային վճարների հաշվարկման և վճարման կարգը, իսկ ներկայացումն ուղեկցվել է հարցուպատասխանով։ Տաթևիկ Մատինյանը նշել է, որ Կենտրոնի գործունեությունը միտված է բացառապես առցանց հարթակի միջոցով փաստաթղթաշրջանառության իրականացմանը՝ ապահովելով արդյունավետություն, թափանցիկություն և նորարարություն։

 

Օրվա ընթացքում «Արբիտրաժային կարգով քննվող վեճեր» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել Արբիտրաժային խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագիտացմամբ իրավաբանական գիտությունների դոկտոր Աիդա Ավանեսյանը։ Նա ներկայացրել է արբիտրունակության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ այն գործերի շրջանակը, որոնք կարող են քննվել արբիտրաժի միջոցով՝ առանձնացնելով միջազգային փորձը և տեղական մոտեցումները։ Քննարկման առարկա են դարձել նաև արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման, ինչպես նաև իրավասության հարցի նկատմամբ կիրառելի իրավունքին առնչվող հարցերը։ Մասնակիցները բանախոսին ուղղել են մի շարք հարցեր, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առկա նախադեպերին և օրենսդրական խնդիրներին։ Բանախոսությունների շարքը եզրափակել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման հիմքերը և դրանց հետ կապված հիմնախնդիրները։ Բանախոսության շրջանակում մանրամասն քննարկվել են արբիտրաժային վարույթում գրավոր հաղորդակցության, արբիտրաժային տրիբունալի ձևավորման, արբիտրաժային համաձայնության վավերության, ինչպես նաև արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման հետ կապված հարցերը։

 

Միջոցառումը կարևոր մասնագիտական հարթակ էր՝ արբիտրաժի ոլորտում արդիական հարցերի քննարկման, փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության ամրապնդման համար։