ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ քննարկվել է AMCA-ի գրանցած հաջողությունները
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ի թիվս այլ օրակարգային հարցերի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Եվրոպական միության «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում – II փուլ» բյուջետային աջակցության ծրագրին, որը նշանակալի դեր է ունեցել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) ստեղծման և զարգացման գործում։
Եվրոպական միության բյուջետային աջակցության շնորհիվ Կենտրոնը կարճ ժամանակում արձանագրել է շոշափելի արդյունքներ։
Կենտրոնում գրանցվել է շուրջ 260 արբիտրաժային և 120 հաշտարարության գործ։ Հատկանշական է, որ Հայաստանում իրականացված շուրջ 440 պարտադիր հաշտարարության գործերից 107-ը վարել է AMCA-ն։ Կազմակերպվել է երեք միջազգային արբիտրաժային համաժողով, որոնցից յուրաքանչյուրն համախմբել է ավելի քան 500 մասնակից և շուրջ 50 բանախոս՝ Հայաստանից և արտերկրից։
Ստեղծվել է տեխնիկապես հագեցած գրասենյակային միջավայր, որն ապահովում է արբիտրաժային և հաշտարարության վարույթների գաղտնիությունը, ինչպես նաև առցանց լսումների անվտանգ և անխափան իրականացումը։ Մշակվել և ներդրվել է թվային գործերի կառավարման՝ e-amca.am համակարգը, որը հնարավորություն է տալիս կողմերին և Քարտուղարությանը վարույթն իրականացնել ամբողջությամբ առցանց՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։
Կազմակերպվել և իրականացվել է շուրջ 40 մասնագիտական զարգացման դասընթաց՝ արբիտրաժի և հաշտարարության թեմաներով, որոնք նախատեսված են եղել դատավորների, փաստաբանների, հաշտարարների, արբիտրների և ոլորտի այլ մասնագետների համար։