x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ի ներկայացուցիչները մասնակցել են Լոնդոնի միջազգային վեճերի շաբաթվան (LIDW)

2024-06-03

Հունիսի 3-ից 7-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը մասնակցել են Լոնդոնի միջազգային վեճերի շաբաթին։ Գործուղման շրջանակում նրանք ներկա են գտնվել միջոցառման գլխավոր համաժողովին, որը կրել է «Միավորվելով հանուն գլոբալ մարտահրավերների և հնարավորությունների» խորագիրը։

Համաժողովը համախմբել էր դատական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների, ոլորտի առաջատար միջազգային մասնագետների, արբիտրների և գործարար համայնքի ներկայացուցիչների՝ վեճերի լուծման ոլորտի արդիական զարգացումները քննարկելու նպատակով։

Համաժողովի հիմնական բանախոսությամբ հանդես է եկել Անգլիայի և Ուելսի դատական իշխանության և դատարանների նախագահ Բարոնուհի Carr of Walton-on-the-Hill-ը։ Պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության դերին, արբիտրաժային վճիռներին և դրանց կատարման հետ կապված հարցերին, արբիտրաժի ֆինանսավորման մեխանիզմներին ու առկա մարտահրավերներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության և այլ երկրների ֆինանսավորման շուկաներում առկա հնարավորություններին։ Գործուղման երկրորդ օրը Տաթևիկ Մատինյանը և Լիլիթ Պետրոսյանը մասնակցել են «GAR Live: ISDS 2024» միջոցառմանը։ Ինտերակտիվ այս համաժողովը համանախագահել են Ruth Byrne-ը («King & Spalding») և Christopher Harris KC-ն («3VB»)։ Քննարկումների ընթացքում մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները ներդրող-պետություն վեճերի կարգավորման («ISDS») ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հունիսի 6-ին կայացած պանելային քննարկումը նվիրված էր արհեստական բանականությանը և դրա կիրառմանը իրավական ոլորտում։ Բանախոսներն անդրադարձել են արհեստական բանականության արագ զարգացող բնույթին և դրա տեխնիկական սահմանափակումներով պայմանավորված մարտահրավերներին։ Քննարկվել է նաև, թե ինչպիսի միջոցներով կարող են կողմերը նվազեցնել արհեստական բանականության կիրառման հետ կապված ռիսկերը։

Լոնդոնի միջազգային վեճերի շաբաթը կարևոր հնարավորություն էր՝ բարձրացնելու արբիտրաժի ոլորտում ձևավորվող նոր միտումների և գործելակերպի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև հաստատելու նոր մասնագիտական կապեր։