x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

«LexisNexis» պարբերականն անդրադարձել է AMCA-ի արբիտրաժային կանոններին

2024-02-14

Իրավական ոլորտում տեղեկատվական և վերլուծական նյութերի տարածմամբ զբաղվող համաշխարհային առաջատար «LexisNexis Legal & Professional»-ը իր առցանց «LexisNexis» շտեմարանում հրապարակել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի պատրաստած հոդվածը՝ Կենտրոնի Արբիտրաժային կանոնների առանձնահատկությունների վերաբերյալ։

 

Հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Կանոնների առանցքային դրույթներին, էլեկտրոնային հաղորդակցությանը և հեռավար լսումների անցկացման հնարավորությանը, արբիտրաժային տրիբունալի ձևավորման առանձնահատկություններին, երրորդ կողմի ֆինանսավորմանը վերաբերող կարգավորումներին, արագացված ընթացակարգին, արբիտրաժային գործերի միավորմանը, արբիտրաժային ծախսերին, վարույթի ավարտին, ինչպես նաև Կանոններով նախատեսված նորարարական դրույթներին։

 

Այսպես, օրինակ, հոդվածում քննարկվում է Արբիտրաժային կանոնների 25-րդ հոդվածը և նշվում է, որ միջազգային վերջին զարգացումներին համահունչ՝ Կանոնները պարտավորեցնում են կողմերին բացահայտել երրորդ կողմի ֆինանսավորման ցանկացած համաձայնության առկայությունը և երրորդ կողմ-ֆինանսավորողի ինքնությունը Արբիտրաժ իրականացնելու պահանջում կամ երրորդ կողմի հետ ֆինանսավորման պայմանագիր կնքելուց անմիջապես հետո:

 

Հոդվածը նաև շեշտադրում է այն հանգամանքը, որ Կանոնները հնարավորություն են տալիս Կենտրոնի Արբիտրաժային խորհրդին՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա, Կանոնների հիման վրա քննվող երկու կամ ավելի արբիտրաժային գործերը միացնել մեկ արբիտրաժային վարույթում, եթե.

(1) կողմերը համաձայնել են միացմանը, կամ

(2) արբիտրաժային գործերում ներկայացված բոլոր պահանջները հիմնված են նույն արբիտրաժային համաձայնության կամ համաձայնությունների վրա, կամ

(3) արբիտրաժային գործերում ներկայացված բոլոր պահանջները հիմնված չեն նույն արբիտրաժային համաձայնության կամ համաձայնությունների վրա, սակայն արբիտրաժային գործերի կողմերը նույնն են, արբիտրաժային վարույթների վեճերը ծագել են նույն իրավահարաբերությունների հետ կապված, և Արբիտրաժային խորհուրդը գտնում է, որ արբիտրաժային համաձայնությունները համատեղելի են:

 

Ընդ որում, արբիտրաժային գործերը միացվում են այն արբիտրաժային վարույթում, որն առաջինն է հարուցվել, եթե բոլոր կողմերն այլ բան չեն համաձայնեցրել:

 

Ըստ հեղինակների՝ այս կարգավորումը միտված է նվազեցնել անհարկի ծանրաբեռնվածությունը, կրճատելու ծախսերը և նվազեցնելու արբիտրաժային վճիռների միջև հնարավոր հակասությունները։

 

Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ 

https://www.lexisnexis.co.uk/legal/news/the-amca-arbitration-rules-a-summary-of-the-key-features