x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA)՝ IBA–VIAC CDRC Vienna 2026 հաշտարարության համաժողովում

2026-07-21

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Լիլիթ Պետրոսյանը 2026 թվականի հուլիսի 1-ից 6-ը ներկայացրեց Կենտրոնը «IBA–VIAC CDRC Vienna 2026» հաշտարարության 4-րդ համաժողովում։ Համաժողովը հաշտարարության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկն էր՝ նվիրված հաշտարարության ինստիտուտի զարգացմանը, միջազգային համագործակցության ամրապնդմանը և ոլորտի լավագույն փորձի փոխանակմանը։

 

AMCA-ի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հանդես եկավ որպես բանախոս «Իսկապե՞ս նրանք կարող են դա անել։ Ինստիտուտների դերը միջազգային առևտրային հաշտարարությունում» («Can They Do That Really? The Role of Institutions in International Commercial Mediation») խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետներն անդրադարձան միջազգային առևտրային վեճերի կարգավորման գործընթացում հաշտարարական հաստատությունների դերի շարունակական զարգացմանն ու նշանակությանը։

 

Իր ելույթի ընթացքում Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց AMCA-ի ինստիտուցիոնալ հաշտարարության մոդելը՝ ներկայացնելով Կենտրոնի գործունեության հիմնական սկզբունքները և այն առանցքային գործառույթները, որոնց միջոցով ապահովվում է կողմերի ու հաշտարարների աջակցությունը, ինչպես նաև հաշտարարության գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը։

 

Համաժողովին զուգահեռ՝ Լիլիթ Պետրոսյանը մասնակցեց նաև «IBA–VIAC CDRC Vienna 2026 Mediation & Negotiation» մրցույթին՝ որպես փորձագետ-գնահատող (Expert Assessor)։

 

«IBA–VIAC CDRC Vienna 2026 Mediation & Negotiation» մրցույթը համախմբել էր աշխարհի տարբեր համալսարանների թիմերի՝ վեճերի լուծման ապագա մասնագետներին հնարավորություն ընձեռելով առևտրային վեճերի իրատեսական սցենարների միջոցով զարգացնելու և ցուցադրելու իրենց բանակցային ու հաշտարարական հմտությունները։

 

«CDRC Vienna»-ն պարզապես մրցույթ չէ․ այն միջազգային մասնագիտական հարթակ է, որտեղ ձևավորվում են նոր կապեր, փոխանակվում են փորձն ու գիտելիքները, և ձևավորվում է մասնագիտական համայնք, որը շարունակում է զարգանալ նաև միջոցառման ավարտից հետո։

 

AMCA-ի մասնակցությունը «CDRC Vienna 2026»-ին կարևոր քայլ էր միջազգային համագործակցության ընդլայնման, Հայաստանի հաշտարարության ինստիտուտի ներկայացման և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում միջազգային լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։