x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ի ներկայացուցիչները մասնակցեցին Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի (SIMC) վերապատրաստման ծրագրին

2026-07-01

Հունիսի 27-28-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրենը և Կենտրոնի հաշտարարները մասնակցել են Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի (SIMC) կողմից կազմակերպված երկօրյա ինտենսիվ վերապատրաստման ծրագրին։ Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ADB) և ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացը վարել են միջազգային ճանաչում ունեցող հաշտարարներ Ջորջ Լիմը և Վի Մեն Չուանը, ովքեր մասնակիցների հետ կիսվել են միջազգային առևտրային հաշտարարության ոլորտում իրենց հարուստ փորձով և գործնական գիտելիքներով։

 

Ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ էր Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման և վեճերի լուծման այլընտրանքային եղանակների ոլորտում մասնագետների կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Համախմբելով միջազգային փորձն ու հայաստանյան մասնագիտական համայնքը՝ այն նպատակ ուներ մասնակիցներին փոխանցել գործնական հմտություններ և միջազգային լավագույն փորձը՝ առևտրային վեճերի արդյունավետ կարգավորման ոլորտում։

 

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից հաշտարարության հիմնական գործիքակազմին, միջսահմանային առևտրային հաշտարարության առանձնահատկություններին, շահերի վրա հիմնված բանակցությունների մեթոդներին, արդյունավետ հաղորդակցության տեխնիկաներին և հաշտարարության ժամանակակից ռազմավարություններին։ Ինտերակտիվ ձևաչափը, գործնական վարժություններն ու դերային խաղերը, հնարավորություն է տվել մասնակիցներին կիրառել միջազգային լավագույն փորձը իրական իրավիճակներին մոտեցված սցենարներում։

 

Ծրագրի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ նշելով, որ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության առաջնահերթ ուղղություններից է։ Նա ընդգծել է, որ պետության նպատակն է ձևավորել առավել մատչելի, արդյունավետ և մարդակենտրոն արդարադատության համակարգ։

 

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հաշտարարության վերաբերյալ Սինգապուրի կոնվենցիայի վավերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նշելով, որ դրա վավերացումը կարևոր նշանակություն կունենա միջազգային առևտրային հաշտության համաձայնությունների կատարման ապահովման, ներդրումային գրավչության բարձրացման և Հայաստանի՝ միջազգային առևտրային վեճերի լուծման համակարգում առավել ամուր դիրքավորման տեսանկյունից։

 

 

Վերապատրաստման ծրագրի շրջանակում տեղի են ունեցել նաև քննարկումներ ԱՄԿԱ-ի և միջազգային գործընկերների միջև հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ։

Դասընթացը մասնագիտական զարգացման ծրագրի առաջին փուլն էր։ Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին, որի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ նաև Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի (SIMC) մասնագիտական հավաստագրում՝ առավել ամրապնդելով Հայաստանում հաշտարարության միջազգային չափանիշներին համապատասխան զարգացումը։