AMCA-ի իրավաբանները մասնակցել են 12-րդ արբիտրաժային դատախաղին որպես արբիտրներ
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) իրավաբաններ Նորայր Բաղդասարյանը և Հակոբ Չոլաքյանը, որպես արբիտրներ, մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Վեճերի այլընտրանքային լուծման (ADR) կլինիկայի կողմից կազմակերպված առևտրային արբիտրաժին նվիրված 12-րդ դատախաղին։
Դատախաղը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 23-ին և 24-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Արբիտրաժային վարույթի մոդելավորման միջոցով մասնակիցները հնարավորություն են ունեցել գործնականում ծանոթանալ արբիտրաժային գործընթացին՝ միաժամանակ զարգացնելով իրավական փաստարկման, գործի վերլուծության և բանավոր ներկայացման հմտությունները։
Կենտրոնի ներկայացուցիչների՝ որպես արբիտրներ ներգրավվածությունը վկայում է Հայաստանում արբիտրաժի զարգացմանն ու խթանմանը Կենտրոնի շարունակական աջակցության, ինչպես նաև ապագա իրավաբանների գործնական կրթությանը նպաստելու մասին՝ ոլորտի մասնագետների անմիջական մասնակցության միջոցով։
2012 թվականին հիմնադրված Վեճերի այլընտրանքային լուծման կլինիկան նախատեսված է վեճերի այլընտրանքային լուծմամբ հետաքրքրված իրավաբանների, ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ նրանց ծանոթացնելով արբիտրաժի, հաշտարարության և վեճերի լուծման այլ մեխանիզմների գործնական առանձնահատկություններին։ Կլինիկան իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր, այդ թվում՝ հմտությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ, հետազոտական նախաձեռնություններ, ինչպես նաև կազմակերպում է առևտրային արբիտրաժին նվիրված ամենամյա դատախաղը։
Այս տարվա դատախաղը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել գործնականում կիրառելու իրենց տեսական գիտելիքները և առավել խորությամբ պատկերացնելու արբիտրաժային վարույթի ընթացքը։ Մասնակիցները հանդես են եկել կողմերի ներկայացուցիչների դերերում, ծանոթացել արբիտրների դերին և գործառույթներին, մշակել իրավական դիրքորոշումներ և ներկայացրել իրենց փաստարկները դատախաղի շրջանակում։
Կենտրոնը բարձր է գնահատում նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, աջակցում են երիտասարդ իրավաբանների մասնագիտական առաջընթացին և ամրապնդում ակադեմիական կրթության ու գործնական փորձառության միջև կապը։