AMCA-ն մասնակցել է Ստամբուլում կայացած Վեճերի լուծման գլոբալ համաժողովին
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են Ստամբուլում կայացած Վեճերի լուծման գլոբալ համաժողովին
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները՝ ի դեմս Կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի, իրավաբաններ Նորայր Բաղդասարյանի և Արսեն Ենգիբարյանի, ինչպես նաև արտաքին կապերի և հաղորդակցության պատասխանատու Վարդան Լաբլաջյանի, մասնակցել են 2026 թվականի մայիսի 4–8-ը Ստամբուլում կայացած Վեճերի լուծման գլոբալ համաժողովին, որը կազմակերպվել էր ԱՄՆ առևտրի նախարարության Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի կողմից՝ Ստամբուլի արբիտրաժային կենտրոնի հետ համատեղ։
Բացի Կենտրոնի ներկայացուցիչներից՝ հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև դատավորներ և փաստաբաններ։
Համաժողովը մեկ հարկի ներքո համախմբել էր շուրջ 18 երկրներից ժամանած դատավորների, փաստաբանների, արբիտրների, հաշտարարների, ինչպես նաև արբիտրաժային և հաշտարարական հաստատությունների ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտի առանցքային թեմաները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործերի ուղղորդման գործընթացում դատավորների դերին, արբիտրաժային վարույթներին, արբիտրաժային վճիռների ճանաչմանն ու հարկադիր կատարմանը, միջանկյալ միջոցներին, հաշտարարության գործընթացներին, ինչպես նաև հաշտության համաձայնությունների կատարմանը։
Ծրագիրը նաև արժեքավոր հարթակ է ապահովել վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում դատական աջակցության վերաբերյալ համեմատական քննարկումների համար։ Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել վեճերի լուծման վերաբերյալ դատարանների մոտեցումներին, հաստատությունների ռազմավարություններին, գործերի ուղղորդման մեխանիզմներին, Նյու Յորքի կոնվենցիայով և Սինգապուրի կոնվենցիայով սահմանված պարտավորություններին, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման պրակտիկայի ամրապնդման գործում դատավորների վերապատրաստման կարևորությանը։
Մայիսի 7–8-ի քննարկումները հիմնականում կենտրոնացած էին վեճերի այլընտրանքային լուծման համակարգում հաստատությունների իրավական և տնտեսական կարևոր դերի, դրանց կառավարման լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների՝ որպես բիզնեսի արդյունավետ գործիքի կիրառման վրա։ Քննարկվել են նաև արբիտրաժային և հաշտարարական գործերի արդյունավետ կառավարումը, հաստատությունների առաջմղման ուղիները և դրանց երկարաժամկետ ու կայուն զարգացման ռազմավարությունների մշակումը։
Հայկական պատվիրակության կազմում Հայաստանից ժամանած դատավորների և փաստաբանների մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է վեճերի այլընտրանքային լուծման զարգացման ուղղությամբ Հայաստանի աճող ներգրավվածությունը։
Համաժողովին մասնակցությունը կարևոր հնարավորություն էր Կենտրոնի համար՝ ընդլայնելու միջազգային մասնագիտական կապերը, ներկայացնելու Հայաստանի փորձն ու ինստիտուցիոնալ զարգացումները, ինչպես նաև ծանոթանալու վեճերի լուծման ոլորտում ձևավորված ժամանակակից մոտեցումներին և լավագույն փորձին։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շարունակում է կարևորել միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը և ոլորտի շարունակական զարգացումը՝ Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի և հաշտարարության արդյունավետ, վստահելի և մրցունակ համակարգի ամրապնդման նպատակով։