Վեճերի այլընտրանքային լուծումը՝ դատարանների բեռնաթափման ու երկրի 
ներդրումային գրավչության բարձրացման ցուցիչ․ դասընթաց ԶԼՄ 
ներկայացուցիչների համար

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA), կարևորելով ՀՀ-ում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացումը, արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն ու Հայաստանի՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ կիրառող երկրի համբավի ձևավորումը, նախաձեռնել էր երկօրյա դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Գլխավոր 1.JPG (846 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը լրագրողների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության էությունն ու առանձնահատկությունները, կիրառության ոլորտները, ինչպես նաև մանրամասնեց Կենտրոնի ծավալած գործունեությունն ու մատուցած ծառայությունները:

Տաթևիկ Մատինյան.JPG (409 KB)

«Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումն ուղղակիորեն նպաստում է պետության իրավական մակարդակի բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վեճերի լուծման արագությանն ու արդյունավետությանը»,-ասաց Տաթևիկ Մատինյանը և նշեց, որ հենց այս նպատակով էլ ստեղծվել է AMCA-ն Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արբիտրաժի ինստիտուտը կայանում է, երբ առկա է պետական աջակցություն ու պետություններն իրենք են նպաստում նմանատիպ կենտրոնների ստեղծմանը:

«Դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձման պահանջով վեճերն են, որոնք մեր նման արբիտրաժային կենտրոններում արագացված ընթացակարգով լուծվում են մեկից երեք ամսում»,-հավելեց Տաթևիկ Մատինյանը:

Բացի այդ՝ անկախ արբիտրաժային կենտրոնների առկայությունն ու ակտիվ գործունեությունը երկրում մեծացնում են տվյալ երկրի ներդրումային գրավչությունն ու նպաստում միջազգային ներդրումային հոսքերի ավելացմանը: Միջազգային ներդրողը որևէ երկիր դիտարկելիս հաշվի է առնում, թե այդ երկրում վեճ ունենալու պարագայում ինչպես է այն քննվելու: Վեճերի քննության անկախ, արդյունավետ և արագ մեխանիզմի առկայությունը բարձրացնում է երկրի միջազգային ներդրումային վարկանիշը:

Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջությամբ գաղտնի գործընթացներ են: Հենց այս առումով էլ դրանք գրավիչ են հատկապես խոշոր ընկերությունների համար, որոնք չեն ցանկանում հանրայնացնել իրենց տարաձայնությունը որևէ կողմի հետ:

Տաթևիկ Մատինյանի խոսքով՝ անգամ կենտրոնի լսումների սենյակներն են ձայնամեկուսացված, որպեսզի տեղեկատվության արտահոսք տեղի չունենա:

Մեդիա դասընթաց 2.JPG (280 KB)

«Թեև արբիտրաժի և հաշտարարության գործընթացները գաղտնի են, մենք՝ որպես կենտրոն, մի կողմից ունենք հաշվետվողականության և թափանցիկության ապահովման խնդիր,  մյուս կողմից՝ հանրությանը կրթելու, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներն ու դրանց կարևորությունը ներկայացնելու նպատակ, և այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը»,-ասաց Տաթևիկ Մատինյանն՝ ավելացնելով, որ լրագրողներն առանց վեճի մանրամասներն ու կողմերին բացահայտելու՝ կարող են իրազեկել հանրությանը թե արբիտրաժի, թե հաշտարարության առավելությունների, ինչպես նաև վարույթի իրականացման ընդհանուր կարգի մասին: Ու թեև չկա մի ոլորտ, որտեղ արբիտրաժն ու հաշտարարությունն անելիք չունենան, այնուամենայնիվ, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները կիրառելի չեն քրեական, վարչական ու հանրային ոլորտի որոշ վեճերի դեպքում:

Դասընթացի ժամանակ AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանն էլ խոսեցին հաշտարարության դերի, վարման ընթացքի, առաջացող բարդությունների ու դրանք հաղթահարելու մեխանիզմների մասին: Հաշտարարության և արբիտրաժային ոլորտին առնչվող թեմաներ լուսաբանելիս անհրաժեշտ գիտելիքներով և մասնագիտական տերմինոլոգիայով կիսվեց AMCA-ի Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, SIGMA LAW GROUP-ի կառավարիչ-գործընկեր, հաշտարար Ռաֆիկ Գրիգորյանը: 

Լիլիթ Պետրոսյան.JPG (1.98 MB)
Դավիթ Խաչատրյան.JPG (281 KB)
Ռաֆիկ Գրիգորյան.JPG (287 KB)

Դասընթացի ավարտին մասնակիցները կիրառեցին յուրացրած գիտելիքները դատախաղի միջոցով:

AMCA.JPG (538 KB)